Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չցանկացավ մեկնաբանել խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու հանգամանքը:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում Մակունցը խնդրեց ի գիտություն ընդունել Ջուլֆալակյանի հանրային հայտարարությունը:
«Այսօր հարցազրույց չեմ տալիս, այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում: Երբ անհրաժեշտություն լինի մեկնաբանության, այդ պահին կտեղեկացնեմ ձեզ: Խնդրում եմ ի գիտություն ընդունել պարոն Ջուլֆալակյանի հանրային հայտարարությունը»,- ասաց Մակունցը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Ջուլֆալակյանն այս մասին սեպտեմբերի 9-ի երեկոյան տեղեկացրել էր «Ֆեյսբուքի» իր էջում՝ հայտնելով նաև հրաժարականի հիմնական պատճառը: