Ռուս ընդդիմադիր առաջնորդ Աեքսեյ Նավալնին նորից կկարողանա խոսել ու հավանաբար կհիշի այն ամենը, ինչ տեղի է ունեցել իր հետ ինքնաթիռում:
Գերմանական Spiegel-ը նաեւ հաղորդում է, որ նրա վիճակը շարունակում է բարելավվել, ու Նավալնին շուտով կկարողանա բժիշկներից ու իր կնոջից բացի այլ հյուրեր էլ ընդունել:
Այս ընթացքում Նավալնիի հնարավոր թունավորման մասին է խոսել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն: Նա ասել է՝ մեծ հավանականություն կա, որ ընդդիմադիր գործչին թունավորել են Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվերով: Փոմփեոն նաեւ հայտարարել է, որ ամբողջ աշխարհում մարդիկ, երբ տեսնում են այլախոհին թունավորելու փորձ, գիտակցում են՝ կա զգալի հավանականություն, որ դա իսկապես Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մտահղացումն է:
«Կարծում եմ, որ դա լավ չէ ռուս ժողովրդի համար», - ընդգծել է պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ օրերս Նավալնի դեպքին անդրադարձել էր նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, բայց զերծ էր մնացել Մոսկվային քննադատելուց:
Կրեմլը կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները: