կարևոր
1083 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-10 11:03

Մեկնարկում է հեռակա ուսուցման 2020/2021 ուս․տարվա ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը։

Դիմորդների դիմում-հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվում են տվյալ տարվա սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը` ժամը 18:00-ն: Քննություններն անց են կացվում հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 22-ը: Հեռակա ուսուցում իրականացնող բուհը հրապարակում է ընդունելության վերաբերյալ հայտարարություն` նշելով փաստաթղթերի ընդունելության ժամկետները և պահանջվող փաստաթղթերի ցանկը։

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները՝ ըստ ուսուցման վճարովի համակարգի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար պահանջվում է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և ներբուհական հանձնած քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը: Միասնական և ներբուհական քննություններ չհանձնած դիմորդները քննություն են հանձնում բուհում` համապատասխան առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան: Քննության վերահանձնում չի թույլատրվում։

Ընդունելության մրցույթը կատարում է յուրաքանչյուր բուհ` ըստ մասնագիտությունների, հատկացված տեղերի և միավորների: Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության գերակայությամբ: Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, դիմորդի միավորներով, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:

Բուհերում կսահմանվի հերթապահություն՝ ընդունելության քննությունների անցկացման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում անհրաժեշտ կարգուկանոն ապահովելու համար, և կտեղծվի բժշկական սպասարկման կետ՝ պահպանելու ՀՀ առողջապահության նախարարության սահմանած հակահամաճարակային կանոնները:

Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ հաստատված կարգով ու ժամկետներում դիմում-հայտ ներկայացրած, սակայն կորոնավիրուսի (COVID-2019) վարակակիր կամ կոնտակտավոր լինելու պատճառով (ՀՀ առողջապահության նախարարության սահմանած կարգով տրամադրված փաստաթղթով հաստատված) միասնական քննությանը չներկայացած դիմորդը, այդ թվում 2020 թվականի ամառային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության զորակոչված (զորակոչված քաղաքացու դիմում-հայտը բուհի ընդունող հանձնաժողովին կարող է ներկայացնել զորակոչված քաղաքացու տրամադրած լիազորագրում նշված անձը), իր ընտրությամբ կարող է.

1) հայտագրել և մասնակցել տվյալ բուհի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին՝ հանձնելով հայտագրած մասնագիտության համար բուհի սահմանած քննությունը, կամ

2) հայտագրել և հանձնել համապատասխան առարկայի միասնական քննությունը՝ 2020-2021 ուստարվա համար տվյալ առարկայի միասնական քննությանը ներկայացվող պահանջներին համապատասխան, ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ հաստատված կարգով ու ժամկետներում ներկայացված դիմում-հայտում (առանց հայտի փոփոխության) առաջինը նշված բուհում՝ հեռակա ուսուցման քննատախտակով նախատեսված օրը, բացառությամբ այն մասնագիտությունների, որոնց համար նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձև, երբ տվյալ առարկայի միասնական քննությունը կազմակերպվում է այլ բուհում հեռակա ուսուցման համապատասխան մասնագիտության համար նախատեսված տվյալ առարկայի քննությունը հանձնող դիմորդների հետ: Քանի որ բժշկական մասնագիտություններով հեռակա ուսուցում չի կազմակերպվում, դիմորդը կարող է դիմել ԵՊՀ։

Հեռակա ուսուցում իրականացնող բուհերում ընդունելությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրով (հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի թիվ 1408-Ն որոշման համապատասխան՝ ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սեպտեմբերի 3-ի թիվ 1144-Ա/2 հրամանով 2020/2021 ուսումնական տարվա համար հաստատված բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերի։