30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը սեպտեմբերի 9-ին Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ անցկացրել է աշխատանքային առցանց հանդիպում-քննարկում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ ձևաչափում համատեղ ծրագրերի ընթացքին և դրանց ընդլայնմանը վերաբերող հարցերին։
Քննարկվել են 8.25 մլն եվրո ֆինանսական աջակցության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում սոցիալ-տնտեսական և բնապահպանական ուղղվածության 14 դրամաշնորհային ծրագիր՝ 350.000 եվրո ընդհանուր բյուջեով ծրագրերի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը։
Անդրադարձ է կատարվել 23.2 մլն եվրո արժողությամբ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին», որն ուղղված է կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների կայուն կառավարմանն ու այդ տարածքներում մարդածին ներգործության նվազեցմանը, տեղական և ազգային մակարդակով շահագրգիռ կողմերի ներուժի հզորացմանը, ինչպես նաև տվյալ տարածքների կայուն ֆինանսական օժանդակության հնարավորությունների ստեղծմանը։
Կովկասի բնության հիմնադրամի կողմից 2020 թվականին Հայաստանին տրամադրվող դրամաշնորհի շրջանակում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարների և այլ ընթացիկ ծախսերի ֆինանսավորում։ Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության բաղադրիչները։
Օրակարգային վերջին հարցը շրջակա միջավայրի բարեփոխումների վրա հիմնված վարկային համաձայնագիրն է եղել, որի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների շարք, որոնք կապված են կայուն անտառկառավարման, կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների, շրջակա միջավայրի ստանդարտների և կանոնակարգերի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցիչներ՝ ի դեմս Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում բնական ռեսուրսների և էներգետիկայի բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը, ծրագրերի ղեկավար Ֆրանկ Մյորշլը և բանկի տարածաշրջանային ղեկավար Կլաուս Վեյգելը և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը։