կարևոր
1398 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-09 13:32

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ճանապարհային ոստիկանության հետևողական ու արդյունավետ աշխատանքը և կարևորել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանումը: Նախագահը միաժամանակ նշել է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ժամանակ ճանապարհային ոստիկանության ծառայողների դրսևորած վարքագիծը ևս շատ կարևոր է, և պահանջել է առավելագույնս հարգալից լինել բոլորի նկատմամբ:

«Դուք շատ կարևոր գործառույթներ իրականացնելով հանդերձ նաև տրամադրություն ու կարծիք եք ձևավորում պետության ու իշխանության մասին: Դրա համար առանցքային է, թե ինչպիսի վերաբերմունք եք ցուցաբերում հանրապետության քաղաքացիների և Արցախ այցելած հյուրերի հանդեպ: Վստահեցնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար կամք ու վճռականություն պայքարելու համակարգում տեղ գտած բոլոր տեսակի արատավոր երևույթների դեմ: Օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չունի, և դուք ձեր բաժին պարտականությունների կատարման ժամանակ պետք է գործեք միայն օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,- ասել է Ա. Հարությունյանը:

Արցախի Հանրապետության նախագահը նշել է նաև, որ ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական պայմանների պատշաճ ապահովումը և ծառայողների սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում՝ այդ համատեքստում ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ից կտրուկ կբարձրանան անձնակազմի աշխատավարձերը:

Հանդիպմանը ներկա էր ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը: