ՀՀ արդարադատության նախարարի հրամանով աշխատանքից ազատել են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին։
Վիրաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը համարում է անհիմն, քանի որ աշխատանքից ազատման պատճառը նշել են այն, թե 2016-2018 թթ. Հայաստանի ազգային արխիվը հարկեր չի վճարել և պետությանը հասցրել է վնաս։ Մինչդեռ իրական պատմությունն այն է, որ 2016-ին պետությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց բյուջեից այդ նպատակով գումար չի հատկացրել։ Այսինքն՝ այդ պահին բոլոր ՊՈԱԿ-ները չեն վճարել այդ հարկը։ Ավելի ուշ պետությունը պահուստային ֆոնդից բոլոր ՊՈԱԿ-ներին այդ գումարը հատկացրել է, այդ թվում՝ Հայաստանի ազգային արխիվին՝ մոտ 800 միլիոն դրամ, և իրենք վճարել են հարկերը։
«Հարկեր չվճարելու համար քրեական պատասխանատվություն է հասնում, բայց ինձ քրեական պատասխանատվության չեն ենթարկել, որովհետև այդտեղ ես ոչ մի մեղք չեմ ունեցել։ Այդ հարկերը չեն վճարել Հայաստանի բոլոր ՊՈԱԿ-ները, և հետո կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է հատկացրել, այդ թվում՝ մեզ, և մենք այդ գումարները վճարել ենք»,- վստահեցրեց Ամատունի Վիրաբյանը։
Հայաստանի նոր իշխանությունների այս որոշման մեջ նա հետապնդում և միտում է տեսնում, քանի որ 2018-ին՝ իշխանափոխությունից անմիջապես հետո ևս, փորձել են ստիպել, որ Ամատունի Վիրաբյանը աշխատանքից ազատման դիմում գրի, բայց նա հրաժարվել է։
Ամատունի Վիրաբյանը Հայաստանի ազգային արխիվի տնօրենն էր 20 տարի շարունակ՝ 2001 թվականից։