Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը Վենեսուելա կմատակարարվի սեպտեմբերին՝ կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սեպտեմբերին Ռուսաստանից կստացվի առաջին պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար»,-հայտարարել է Մադուրոն հեռուստաելույթի ժամանակ, որը հեռարձակվել է նրա Twitter-ում: Քաղաքական գործիչը հավելել է, որ մտադիր է Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավարության հետ քննարկել Ազգային ասամբլեայի առաջիկա ընտրություններում բոլոր թեկնածուների պատվաստում ստանալու հնարավորությունը՝ նախընտրական արշավը հանգիստ անցկացնելու համար:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար:
Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին։