կարևոր
1702 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-08 22:39

Նախարար Ցոլակյանը մեդալներ է հանձնել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ

Նախարար Ցոլակյանը մեդալներ է հանձնել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 8-ին,մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի առթիվ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով «Լավագույն հրշեջ փրկարար», «Անվեհեր փրկարար», «Համագործակցություն հանուն փրկության», «ԱԻՆ պատվավոր աշխատակից» և «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալներով են պարգևատրվել ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների և նախարարության աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Ցոլակյանը «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով է պարգևատրել նաև ԱԻՆ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի ղեկավարությանը: Մեդալներ են հանձնվել նաև այլ գերատեսչությունների կողմից:

«Այս պարգևները թող ձեզ ուժ ու եռանդ տան: Կուզենայի, որ բոլորդ գնահատեիք ձեր դերն ու նշանակությունը, շարունակեիք ճիշտ կազմակերպել աշխատանքը: Պարգևներն արվածի գնահատականը լինելուց բացի, նաև պարտավորեցնող են, որպեսզի պահպանենք ունեցածը՝ միևնույն ժամանակ գնանք նոր ձեռքբերումների ճանապարհով»,- ասել է նախարար Ցոլակյանը: