661 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 20:55

Շարունակում ենք անմիջական հարևանությամբ առերեսվել ատելության խոսքի դրսևորումների. ՀՀ ԱԳ նախարար

Շարունակում ենք անմիջական հարևանությամբ առերեսվել ատելության խոսքի դրսևորումների. ՀՀ ԱԳ նախարար

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել և ելույթով հանդես էեկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «ՄԱԿ-ի և տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը» խորագրով բաց քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«ԱԳ նախարարը կարևորեց ՄԱԿ-ի և ՖՄԿ միջև համագործակցության շուրջ քննարկման նախաձեռնումը և շնորհակալություն հայտնեց գլխավոր քարտուղարի Աֆրիկայի հարցերով  օգնականին և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ իրենց անչափ կարևոր ելույթների համար:

Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց նաև քննարկումը նախաձեռնած Նիգերի դերը, որի մայրաքաղաք Նիամեյում 1970թ. ծնունդ առավ Ֆրանկոֆոնիան՝ որպես Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալություն՝ այնուհետև հիմք հանդիսանալով այս տարի իր հինգերորդ տասնամյակը նշող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության ձևավորման համար. «Իր հիմնումից 50 տարի անց Ֆրանկոֆոնիան հանդես է գալիս որպես բազմակողմ համագործակցության կարևոր հարթակ, որը միավորված է ֆրանսերեն լեզվի և խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հիմնարար արժեքների շուրջ։ 

Միավորված ազգերի կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերությունները խարսխված են ընդհանուր արժեքներ կրող բազմաթիվ դերակատարների վրա, որոնց միավորում է խաղաղության և միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատելու ընդհանուր ցանկությունը, ահաբեկչության աղետի դեմ պայքարի, ինչպես նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վճռականությունը: 

Այն հենվում է նաև կայուն զարգացման նպատակներին հասնելու ամուր և անսասան հանձնառության վրա»:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ կարևորեց նմանօրինակ քննարկման անցկացումն արդի գլոբալ առողջապահական, հումանիտար և տնտեսական լուրջ ճգնաժամի պայմաններում, որը սպառնում է խաթարել հասարակության համախմբվածությունը՝ առավել ընդգծելով միջազգային համագործակցության և արդյունավետ բազմակողմանիության հաստատման անհրաժեշտությունը։ Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԱԽ շրջանակներում անցկացվող վերոնշյալ քննարկումը բնորոշեց որպես գործելու յուրօրինակ կոչ, համընդհանուր տոկունության և հավաքական կարողությունների փորձություն: 

«Այս ժամանակահատվածում, երբ ճգնաժամի բացասական հետևանքներն ավելի ծանր են զարգացող երկրների և բնակչության առավել խոցելի շերտերի համար, ՄԱԿ-ը և Ֆրանկոֆոնիան պետք է վերահաստատեն իրենց պատրաստակամությունը՝ խթանելու խաղաղություն ու համագործակցություն, համերաշխություն և միասին ապրելու արժեքները․ սա մարտահրավեր է երկու կազմակերպությունների համար, և մենք պարտավոր ենք գործել առավել արդյունավետ գլոբալ կառավարման ուղղությամբ:

Այս կապակցությամբ մենք վճռականորեն սատարեցինք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ զինադադարի վերաբերյալ կոչը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևը՝ վերահաստատելով, որ հակամարտությունների կարգավորման գործընթացում ուժի և ուժի սպառնալիքը տեղ չունեն:

Մենք նաև մտահոգված ենք ատելության խոսքի աճով, ինչը հատկապես դրսևորվեց առողջապահական այս ճգնաժամի շրջանում: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ընդգծել մեր հանձնառությունը հանդուրժողականությանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքիը և մշակութային բազմազանության արժեքներին: Չնայած բազմակողմ համակարգի հսկայական ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել զինված բախումների, ապակայունացնող ռազմական սրացումների և քաղաքական բարձրագույն մակարդակով ատելության խոսքի դրսևորումների, այդ թվում՝ մեր անմիջական հարևանությամբ»,- նշեց նախարար Մնացականյանը:

Այդ առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց Երևանի գագաթաժողովի խորհրդի կարևորությունը` նվիրված «Միասին ապրելու» արժեքների խթանմանը և Երևանի ֆրանկոֆոն կոչը՝ «Ապրել միասին»-ը, որով ամրագրվում է, որ ֆրանսախոս տարածքում «միասին ապրելու» գաղափարախոսությունը սահմանող խաղաղության, համերաշխության և ամբողջական հումանիզմի արժեքները հանդիսանում են համընդհանուր բարիք, հարստություն, և դրանք ամեն գնով անհրաժեշտ է պահպանել: Նախարարը հավելեց, որ «սա ակնհայտորեն Միավորված ազգերի կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության կարևոր հարթություն է, որի շուրջ մեր տեսլականներն ու նպատակները միաձուլվում են»:

Եզրափակելով խոսքը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը երկու կազմակերպությունների միջև համագործակցության խթանմանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի համատեղ ջանքերի շնորհիվ այդ համագործակցությունն առավել կամրապնդվի՝ բացելով համագործակցության նոր խոստումնալից հեռանկարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: