կարևոր
868 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 20:09

Ինդոնեզիայում դիմակի ռեժիմը խախտողներին պառկեցրել են դագաղների մեջ

Ինդոնեզիայում դիմակի ռեժիմը խախտողներին պառկեցրել են դագաղների մեջ

Ինդոնեզիայի մի քանի նահանգներում իշխանությունները եւ կամավորները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում դիմակի ռեժիմը խախտողների նկատմամբ պատժի «ինովացիոն» մեթոդներ են կիրառում՝ նրանց տեղավորելով դիակառքի եւ բուտաֆորիական դագաղների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդել է Jakarta Post թերթի ինտերնետ-տարբերակը:

Արեւելյան Ճավայի նահանգի Պրոբոլինգո քաղաքում խախտողներին առաջարկում են նստել դիակառք-ավտոմեքենա, որտեղ նրա հետ միասին գտնվում են դատարկ դագաղ՝ COVID-19-ից մահացածների մարմինները տեղափոխելու համար, եւ ոստիկանության կամ համաճարակաբանական վերահսկողության մարմինների ներկայացուցիչ: Իշխանությունների ներկայացուցիչը խախտողի համար դասախոսություն է կարդում համավարակի մասշտաբների եւ համաճարակաբանական անվտանգության կանոնների մասին, ինչպես նաեւ խախտողին առաջարկում է գնահատել սեփական հակաիրավական գործողությունները, հաղորդում է թերթը:

Այսպիսի պատժի, մասնավորապես, շուրջ 50 առեւտրական է ենթարկվել Maron Market շուկայում: Իշխանությունների ներկայացուցիչների կողմից նրանց անվճար դիմակներ են տրվել դիակառքի մեջ նստեցնելուց առաջ:

Բացի դիակառքի մեջ նստեցնելուց, առանձին առեւտրականների պատժել են նաեւ նրանց մեկ շաբաթով զրկելով առեւտուր անելու իրավունքից, երեք ամսով զրկելով Ինդոնեզիայի քաղաքացու նույնականացման քարտից եւ շուկան կարգի բերելու եւ կոյուղային մասնաբաժինները մաքրելու աշխատանքներով։