կարևոր
870 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 17:36

Վրացի պատգամավորներն այն կարծիքին են, որ Սահակաշվիլին չի կարողանա վարչապետ դառնալ

Վրացի պատգամավորներն այն կարծիքին են, որ Սահակաշվիլին չի կարողանա վարչապետ դառնալ

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն այն կարծիքին են, որ բնակչությունը չի հավատում նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի այն հայտարարություններին, որոնցում նա զղջում է կառավարման տարիներին իր գործած սխալների համար, եւ կարծում են, որ նա չի կարողանա վարչապետ դառնալ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Սահակաշվիլին Facebook-ի իր տեսաուղերձում Ուկրաինային շնորհակալություն էր հայտնել որպես իր «երկրորդ տուն», նշելով, որ այժմ վերադառնում է հայրենիք: Քաղաքական գործիչը խոստովանել է, որ իր նախագահության ժամանակ շատ սխալներ է թույլ տվել, սակայն այժմ նա բավականին փորձ է կուտակել, որպեսզի արժանի կերպով «ծառայի իր երկրին»:

Նախօրյակին Սահակաշվիլին հայտարարել էր, որ ողջունում է իր նախկին կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» որոշումը, որը ցանկանում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում իր թեկնածությունն առաջադրել երկրի վարչապետի պաշտոնում, եւ պատրատակամություն է հայտնում՝ զբաղեցնել այդ պաշտոնը, բայց առավելագույնը երկու տարով: Նրա խոսքով՝ այդ ժամկետը բավական է, որպեսզի «Վրաստանը դուրս բերի ճահճից»: Ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 31-ին:

«Հայտարարություններն այն մասին, որ նա ամեն ինչի համար զղջում է, քիչ մարդ է հավատում»,-հայտարարել է խորհրդարանի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ Ռոման Կակուլիան:

Անկախ պատգամավոր Բեկա Նացվլիշվիլին կարծում է, որ «Միխեիլ Սահակաշվիլին երբեք չի կարողանա դառնալ Վրաստանի վարչապետ»:

«Նրա ծիծաղելի հայտարարությունները ոչ մի ձեւով չեն ազդում նախընտրական միջավայրի վրա: Նա երբեք չի կարողանա վարչապետ դառնալ ո՛չ երկու, ո՛չ չորս, ո՛չ վեց տարով, քանի որ վրացի ժողովուրդն արդեն դա թույլ չի տա»,-հայտարարել է նա լրագրողներին: