Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ ճիշտ չէ կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Մարտի 1-ի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարություններին, ովքեր նշում էին, որ հեղափոխությունից հետո դատաիրավական փոփոխություններ տեղի չեն ունեցել և չեն պատրաստվում մասնակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությանը։
«Ես ճիշտն ասած ամբողջությամբ ծանոթ չեմ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը և նրանց պատճառաբանություններին, բայց կարծում եմ դատաիրավական բարեփոխումները, որոնք կատարվում են, բավական ինտենսիվ ընթացքի մեջ են: Բազմիցս մենք պարզաբանել ենք թե՛ այդ բարեփոխումների էությունը և բովանդակությունը, թե՛ կոնկրետ ձեռնարկվող քայլերը։ Կարծում եմ՝ ճիշտ չի կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը»,- նշեց Բադասյանը։
Նախարարն ընդգծեց, սակայն, որ առանձին դեպքերում դատական նիստերը ձգձգելու, արդարադատությունից խուսափելու միտումներ է տեսնում։
«Այս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր, կամ ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում այն պարագայում, երբ ինքնաբացարկի հիմքեր չկան, այս խնդիրները կուտակված են տարիներ շարունակ։ Չի կարելի ինքնանպատակ ինքնաբացարկ հայտնել»։