Նոր հարված՝ վերընտրվել ցանկացող Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որն այս օրերին փորձում է հանդարտեցնել սեւամորթների դեմ բռնի գործողությունները դատապարտող ցուցարարներին: Նրա նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենն իր «Անհավատարմություն. մի հուշագիր» գրքում գրել է, թե Թրամփը «ցածր կարծիք ունի բոլոր սեւամորթների մասին՝ սկսած նրանց երաժշությունից մինչեւ մշակույթ ու քաղաքականություն»: Նա նաեւ պնդում է, որ Թրամփը ռասիստական մեկնաբանություններ է արել Հարավաֆրիկյան հանրապետության հանգուցյալ նախագահ Նելսոն Մանդելայի ու իսպանախոսների վերաբերյալ:
Օրինակ, Թրամփը, գրքի հեղինակի պնդմամբ, մի անգամ ասել է, թե «ցույց տվե՛ք մի երկիր, որը սեւամորթ է ղեկավարում ու կեղտի մեկը չէ»: Քոհենն իր նախկին ղեկավարին տարբեր բնորոշումներ է տվել՝ խաբեբա, ստախոս, խարդախ, կռվարար, ռասիստ եւ այլն: Սպիտակ տունը հերքել է գրքում տեղ գտած խնդրահարույց տեղեկություններն ու հայտարարել է, թե փաստաբանը ստում է:
Նշենք նաեւ, որ գրքի հեղինակ Քոհենը 3 տարվա ազատազրկման պատիժ է կրում դաշնային բանտում Կոնգրեսին ստելու համար: