01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արգելել գիշերային ժամերին քաղաքացիներին վարկերի տրամադրումը: Այս մասին օրենքի նախագիծը խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:
«Գիշերային ժամերին շատ գրավատներ և վարկային կազմակերպություններ գործունեություն են իրականացնում և վարկեր են տրամադրում: Գիշերային ժամին վարկ են վերցնում հիմնականում կամ խաղամոլությամբ տարված մարդիկ, կամ նրանք, որոնք գինովցած վիճակում են, կամ էլ գողոնի արագ իրացման և գողոնից ազատման դեպքերն են: Այս երևույթներն առաջացնում են որոշակի սոցիալական ռիսկեր: Նախագծով առաջարկվում է արգելել գիշերային ժամերին՝ 22:00-07:00-ն, վարկերի տրամադրումը, այդ թվում՝ առցանց եղանակով»,- ասել է Խաչատրյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել նաև փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ հարցերը:
««Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում կա դրույթ, ըստ որի պայմանագիրը պետք է պարունակի փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ տեղեկատվություն: Գործնականում, շատ հաճախ ելնելով նրանից, որ պայմանագիրը շատ ծավալուն է, ներկայացվող տեղեկատվությունը կարող է ակնհայտորեն չերևալ, և մարդիկ հիմնականում հակված չեն լինում ամբողջությամբ կարդալու պայմանագիրը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մարդիկ այդպես էլ չեն տեղեկանում փաստացի տոկոսադրույքի չափի մասին: Առաջարկվում է, որ հաճախորդի ստորագրության համար նախատեսված տեղի անմիջապես ներքևում նշվի փաստացի տոկոսադրույքի չափը»,- ընդգծել է Արկադի Խաչատրյանը: