կարևոր
963 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 11:13

ՔԿՀ ծառայողները կանխել են դատապարտյալին թմրամիջոց փոխանցելու փորձը

ՔԿՀ ծառայողները կանխել են դատապարտյալին թմրամիջոց փոխանցելու փորձը

Հայաստանի Հանրապետության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Պ.-ն 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 02։40-ի սահմաններում, հիմնարկի վարչակազմին գանգատ է ներկայացրել, որ որովայնի շրջանում ունի սուր ցավեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը.

«Նույն ժամանակահատվածում պատասխանատու հերթապահին է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով որպես դատապարտյալ Ա․ Պ․-ի հարազատ «քույր»՝  պահանջել է եղբորն անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Հերթապահ բժշկի կողմից իրականացվել է առողջական վիճակի հետազոտություն, որից հետո բժշկի առաջարկությամբ ժամը 05։00-ին կանչվել է շտապօգնություն։

Իրավիճակի մասին անմիջապես զեկուցվել է նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներին։ Վերջիններս էլ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները,  թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲ-ի համապատասխան աշխատասենյակում անձնական խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա․ Պ․-ին։ Համաձայն օպերատիվ տվյալների՝ դատապարտյալը հիվանդանոցից դուրս գալուց պետք է ոտքը դներ նախապես գետնին նետված կպչուն փաթեթի վրա, այնուհետև հարմար պահի կոշիկի տակից պոկեր այն և թաքցներ իր մոտ: Սակայն ՔԿՀ ծառայողները, հետևելով նրա գործողություններին, համապատասխան պահի ենթարկել են խուզարկության, որի արդյունքում դատապարտյալի սպորտային բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել և առգրավել են փաթեթը, որի մեջ առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված՝ մոտ 2․07 գրամ քաշով։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։