24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Օրինագծի հեղինակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին ութ տարում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձն իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ: Առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած լինելու պահանջը սահմանափակում է այն անձանց շրջանակը, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց դրա փոխարեն մասնագիտական, ետբուհական կրթական հաստատություններում են աշխատում, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում»,- ասաց Բաբաջանյանը:
Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է այս մարդկանց ևս դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն ընձեռել:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է հունիսի 3-ին միաձայն՝ 109 «կողմ» ձայնով: