կարևոր
321 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-09-06 14:25

Գյումրին ունենալու է իր բնույթով եզակի Բարեկամության այգի. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գյումրին ունենալու է իր բնույթով եզակի Բարեկամության այգի. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գյումրին ունենալու է իր բնույթով եզակի Բարեկամության այգի: Սմարթ լուծումներ առաջարկող այգու ծրագիրն իրականացվում է  IDeA հիմնադրամի կողմից: Այս մասին ասել է այգու համալիր զարգացման նախագծի ղեկավար, ճարտարապետ Մարգարիտա Ասիրյանը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսին նախաձեռնեց Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը: Մրցույթի առաջին փուլի արդյունքերով՝ ժյուրիի անդամներն ընտրել են եզրափակչի 20 մասնակցի: «Մասնակցությունն  աննախադեպ էր՝ ստացվել էր 84 հայտ 16 երկրից: Եզրափակչի մասնակիցները կստանան տեխնիկական առաջարկներ: Երկրորդ փուլի արդյունքում կընտրվեն 3 ճարտարապետական՝ փոքր, ստանդարտ և յուրօրինակ տարրեր: Այգու նախագծի մշակման գործընթացն անիմաստ կլինի առանց տեղի բնակչության ներգրավվածության: Ինչպես փորձագիտական հանրության ներկայացուցիչները, այնպես էլ ակտիվ քաղաքացիները, ովքեր հետաքրքրված են քաղաքի զարգացմամբ, կարող են իրենց ներդրումն ու ազդեցությունն ունենալ այս նախագծի վրա»,- ասել է Ասիրյանը:

2020 թվականի հոկտեմբերին կհայտարարվեն հաղթողներն ու այգու վերջնական դիզայնի նախագիծը:

«Նորացված այգին կդառնա հանրապետության առաջին ժամանակակից և կանաչապատ տարածքը՝ մնալով նշանակալի վայր տեղի բնակիչների համար և գրավչության կետ զբոսաշրջիկների համար։ Սա նաև մի վայր է  լինելու, որտեղ գյումրեցիներն իրենց շնորհակալություն են հայտնելու երկրաշարժի օրերին ձեռք մեկնած երկրներին, իսկ ամենակարևորը՝ լինելու է համայնքային սիրված վայր»,- նշում է հիմնադրամի գործառնությունների տնօրեն Ելենա Մուրադյանը՝ վստահեցնելով, որ դեռ մեկ ու կես տարի առաջ Գյումրի են բերվել իտալական կարուսել-ատրակցիոններ, որոնք տեղ կգտնեն այգում:

«Դրանք ամենասիրվածն են լինելու: Հպարտությամբ կարող եմ ասել, որ նմանատիպ կարուսելներ շատ քաղաքներ չունեն: Ունենք գաղափար համալրելու այդ տասը կարուսելը ևս մի քանիսով: Հուսով ենք՝ այգին վերջնական տեսքով կունենանք 2022 թվականի ամռան վերջին»,-ավելացրել է Ելենա Մուրադյանը:

Այգին զբաղեցնում է 7 հեկտարից ավելի տարածք: 

Քանի որ այգու նախագծումն իրականացվելու է քաղաքի բնակիչների ցանկությունն հաշվի առնելով, Գյումրիի տարբեր թաղամասերի բնակիչները Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» նկարիչների հետ համատեղ հիշողություններից, լուսանկարներից և կոլաժներից կստեղծեն իրենց թաղամասի «հոգին»: Բնակիչները կկիսվեն իրենց թաղի պատմությունների, նաև Գյումրու տարբեր այգիների, մասնավորապես, Բարեկամության այգու հետ կապված հիշողություններով։ Այնուհետև կստեղծեն յուրաքանչյուր թաղամասի ինքնատիպությունն արտացոլող ցայտաղբյուրների էսքիզներ, որոնք հետագայում իրենց տեղը կգտնեն այգում:  

Մինչ այդ հենց այգու տարածքում, ծրագրի ներկայացման շրջանակում, Գյումրու 7-13 տարեկան փոքրիկ բնակիչների համար անցկացվեԼ Է դիզայն-խաղ մանկական խաղահրապարակի մասնակցային նախագծման համար, իսկ 13-30 տարեկան ակտիվ քաղաքացիները մասնակցություն են ունեցել մարզահրապարակի ստեղծման դիզայն-խաղին:

Գյումրու Բարեկամության այգու վերականգման նախագիծն իրականացվում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ՏՈՒՖ) բարեգործական հիմնադրամի կողմից, որը 2020 թ. հուլիսից ստանձնել և իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը: Այգու վերականգնման աշխատանքների գործընթացը մեկնարկել է 2019 թ.-ին: Այգու վերականգնումը մաս է կազմում Գյումրու համալիր զարգացման և վերականգնման ծրագրի, որն իրականացվում է «Հայաստան 2020» նախաձեռնության շրջանակում:

Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:

Մինչ ծրագրի մեկնարկը Գյումրու «Բարեկամություն» այգին «մաքրվել» է այնտեղ տեղադրված 24 տնակներից:

Ֆոտոշարք