կարևոր
478 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-05 16:38

ՌԴ և ՀՀ տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում

ՌԴ և ՀՀ տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում

Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում: Այդ մասին, ըստ orakarg.com-ի՝  ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համապատասխան արձանագրությունն այսօր ստորագրել են Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար, երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Այսպիսով, ըստ ռուսական կողմի՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարգավորել են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված բոլոր տարաձայնությունները:

 «Մասնավորապես, փաստաթղթում ամրագրված է, որ Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային նախարարություններն ընդունել են ընկերության գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները։ Ստուգվել է 2008թ–ին կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքը: Հաստատվել է նաև ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը և միմյանց նկատմամբ կողմերի պահանջների բացակայությունը», — ասվում է հաղորդագրության մեջ:

Պետք է նշել, որ ռուսական կողմի տարածած այս հայտարարությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ. սեպտեմբերին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր ձեռնարկություն» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում  60 միլիոն դոլարի չարաշահում է հայտնաբերվել: Հետագայում մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ երկաթուղում սկսված ստուգումների արդյունքում բացահայտված չարաշահումները հասնում են 104 միլիոն դոլարի։

Այժմ, բնական հարց է առաջանում՝ ի՞նչ եղավ 60 մլն դոլարի չարաշահման մասին Նիկոլ Փաշինյանի պնդումը: Բնականաբար, այստեղ հնարավոր է երկու տարբերակ: Կամ ՀՀ վարչապետը ժամանակին անհիմն հայտարարություն է արել, այդպիսի մեծ չափի չարաշահումներ չեն եղել կամ էլ երկաթուղում եղել է մեծ թալան, բայց ռուսական կողմին հաջողվել է հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքում այս կամ այն կերպ լուծել հարցը: Ուշագրավ է նաև, որ հայկական կողմն այդ մասին լռում է, ՌԴ տրանսպորտի նախարարությունն է հայտարարություն տարածել և ռուսական կողմի տարածած հայտարարության տեքստից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ չարաշահումներ չեն էլ եղել:

Ամեն դեպքում, Հայաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը պետք է բացատրություն տան, թե ին՞չ եղավ այդ 60 մլն դոլարի չարաշահման հետ, արդյո՞ք ճիշտ էր վարչապետի հայտարարությունը և եթե այդ պնդումը ճիշտ է եղել, ապա ինչպե՞ս է լուծվել այդ հարցը: