կարևոր
854 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-05 14:57

ՀՀ նախագահը գլոբալ գագաթնաժողովին հիշեցրեց COVID-19-ի օրերին Ադրբեջանի սադրիչ գործողությունները

ՀՀ նախագահը գլոբալ գագաթնաժողովին հիշեցրեց COVID-19-ի օրերին Ադրբեջանի սադրիչ գործողությունները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին, խոսելով կորոնավիրուսի, աշխարհում տիրող անորոշությունների, փոխվող աշխարհի մասին, ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այն փուլում, երբ թե Հայաստանը, թե Ադրբեջանը պայքարում էին կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի հետ սահմանին: Օնլայն գագաթնաժողովը կազմակերպվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ և անցկացվեց առցանց եղանակով:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ գագաթնաժողովի՝  «Հետհամավարակային աշխարհում բարգավաճման վերականգնումը» խորագրով քննարկմանը: Նախագահը խոսեց կորոնավիրուսի, այս շրջանում իր մտահոգությունների մասին: Նա նկատեց, որ մարդիկ կենտրոնացած են մեծ քաղաքներում, կան բոլոր պայմանները, որ վիրուսն ավելի արագ տարածվի: Սարգսյանի կարծիքով՝ կորոնավիրուսը մեր շուրջ տեղի ունեցող փոփոխությունների հետևանք է, այլ ոչ թե պատճառը; Նա նշեց, որ աշխարհը փոխվում է:

«Անորոշությունների ժամանակում, եթե դու կորցնում ես մարդկային արժանապատվությունը կամ մարդկությունը, շատ հեշտ է դառնալ քսենոֆոբ, շատ հեշտ է մեղադրել մյուսներին  քո ձախողումների մեջ: Եվ ես հիմա տեսնում եմ աշխարհում խնդիրներ, որոնք պատահում են, քանի որ մենք անցումային փուլում ենք: Բոլորովին վերջերս, երբ Հայաստանը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, և մեր հարևան Ադրբեջանը ևս պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին սկսեց ռազմական գործողություններ: Եվ որտե՞ղ է առողջ բանականությունը»,-ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանը անդրադարձավ այդ շրջանում նաև Թուրքիայի կոշտ հռետորաբանությանը: «Դա ևս անհանգստացնում է ինձ՝ որպես Հայաստանի նախագահ, քանի որ դա ինձ տանում է 105 տարի հետ, երբ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ Օսմանյան Թուրքիայում: Եվ ինձ ավելի ու ավելի շատ է անհանգստացնում այն,  որ ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ խոսում էին Հայաստանի ատոմակայանին հարվածելու մասին, որը չլսված բան է: Հայկական ատոմակայանին հարվածելը կվնասի ոչ միայն Հայաստանին, այլ նաև բոլորին, բոլոր հարևաններին՝ Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային: Եվ դա կլինի մեկ այլ «Չեռնոբիլ» տարածաշրջանում»,-ասաց նախագահը:

Նա հույս հայտնեց, որ այս անցումային փուլում մարդկությունը չի կորցնի առողջ բանականությունը: