ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ, որը հրապարակվել է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում․
«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի՝ Գյումրու օրվա առթիվ։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որ կարողանում է և՛ կոփել, և՛ ուժ տալ, նա կարողանում է վշտի միջից ծիծաղել և ծիծաղով դաս տալ, սովորեցնում է սիրել և ներել, սպասել և հավատալ։
Կյանքի ու փորձության խաչմերուկում Գյումրուն և գյումրեցուն բաժին հասավ կյանքը՝ լի գոյապայքարով և մարտահրավերներով, սակայն այդ ամենը գյումրեցուն միայն դարձրեց ավելի կուռ ու տոկուն։
Գյումրեցին, նրա խոսքը, հումորը, ավանդույթներն ու պատմությունն այսօր դարձել են Գյումրու այցեքարտը։ Եվ մենք պետք է անենք հնարավորինը, որ մեր քաղաքն օր օրի դառնա ավելի գրավիչ ու գերող։
Մեր հին, բայց տակավին երիտասարդ Գյումրի, թող ճակատագրի բոլոր խաչմերուկներում միշտ ընտրես արարելու և ապրելու ուղին, թող անցյալի վիշտն ու ցավը ամոքվեն դրական փոփոխությունների նոր ծիլերով։
Մեր սեր Գյումրի, քանի դու կաս, քեզ սիրողի պակաս չի լինի։ Շնորհավոր տոնդ, Գյումրի քաղաք, Շնորհավոր տոնդ, գյումրեցի»: