կարևոր
1411 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-04 22:57

Հայաստանում նախատեսվում է ներդնել ավտոմեքենաների օգտահանման վճար

Հայաստանում նախատեսվում է ներդնել ավտոմեքենաների օգտահանման վճար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել ավտոտրանսպորտային միջոցների օգտահանման (ուտիլիզացիա) վճար: Մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Այդ նախագիծը թույլ կտա նոր ներմուծվող մեքենաներից գանձվող օգտահանման վճարը փոխանցել պետական բյուջե: Հետագայում այդ գումարը հնարավոր կլինի օգտագործել այն կազմակերպություններին ֆինանսավորելու համար, որոնք կզբաղվեն մեքենաների ուտիլիզացիայով: Սա հնարավորություն կտա որոշակիորեն թարմացնել մեքենաների պարկը»,- նշեց Սիմոնյանը:

 Նրա խոսքով՝ այս պահին մշակման մեջ է գտնվում ավտոտրանսպորտային միջոցների օգտահանման արժեքի որոշման հարցը։

Սիմոնյանը հայտնեց, որ դա թույլ կտա դիլերներին գնահատել և օգտահանման ենթարկել որոշակի տարիքի ավտոմեքենաները, ընդ որում պետությունը մասնակիորեն կսուբսիդավորի այդ գործընթացը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ընթացքում բազմիցս բարձրացրել է ավտոմեքենաների օգտահանման հարցը և նույնիսկ առաջարկել է որոշ փոփոխություններ և ավելի արտոնյալ սակագներ այդ գործընթացի համար։