կարևոր
1830 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-04 17:15

Գյումրին հրավիրում է առցանց հարթակում նշելու քաղաքի օրը

Գյումրին հրավիրում է առցանց հարթակում նշելու քաղաքի օրը

«Իմ սեր Գյումրի» խորագրի ներքո  սեպտեմբերի 5-ին  գյումրեցիները կնշեն քաղաքի օրը: Արդեն ավանդույթ դարձած տոնակատարությունն այս տարի առաջին անգամ կնշվի հիմնականում առցանց տիրույթում՝ համավարակի կանոններով:

Գյումրու համայնքապետարանը սեպտեմբերի 5-ին, երեկոյան 8-ին բոլորին հրավիրում է միանալու «Գյումրու օր» տոնակատարության առցանց համերգին:

«Համավարակը, ցավոք, հնարավորություն չտվեց, ինչպես ամեն տարի, բացել քաղաքի դռներն ու բոլորին հրավիրել Գյումրի, տոնական տրամադրությամբ փոխանակվելու եւ մեկ բարի խոսքով աշխարհն ավելի բարի դարձնելու։

Տոնական համերգի միջոցով մենք կփորձենք էկրանից այն կողմ մեզ հետեւողներին փոխացնել Գյումրու մեղեդին, կոլորիտն ու այս տարվա քաղաքի օրվա թիվ մեկ ուղերձը․ աշխարհում բոլոր դժվարություններն անցողիկ են, ամեն բան հաղթահարելի է։ Վկան՝ վերհառնող Գյումրին։ Վկան՝ օր օրի շենացող, կառուցվող քաղաքը, որովհետեւ այստեղ հավատում են՝ սերն ամենազոր է»,-ասել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը  տեղեկացնելով, որ ողջ օրվա ընթացքում քաղաքի բոլոր թանգարանները կկազմակերպեն առցանց էքսկուրսիաներ:

Օրվա ընթացքում կարմիր ժապավեններ ևս կլինեն՝ պաշտոնապես կբացվեն Գյումրու քաղաքապետարանի շինության ներքնահարկում տեղակայված «Կենտրոնական գրադարանի», «Պատմության թանգարանի» ու համայնքային ցուցասրահի դռները: Նույն օրը տեղի կունենա նաև «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի» բացման արարողությունը: Հիմնանորոգումից հետո կվերաբացվի նաև «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: Սոցիալական բնակարաններ կհանձնվեն այս տարվա սաստիկ կարկուտներից առավել տուժած ընտանիքներին:

Բացի այս ամենից, պատրաստվել են նաև Գյումրուն նվիրված տեսահոլովակներ, տեսաուղերձներ  և երգ, որը առաջին անգամ սեպտեմբերի 5-ին կներկայացվի ունկնդրի դատին: