կարևոր
1234 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-04 16:39

ՏԿԵ նախարարությունը նախատեսում է փոփոխել ավտոմեքենաների տեխզննության համակարգը

ՏԿԵ նախարարությունը նախատեսում է փոփոխել ավտոմեքենաների տեխզննության համակարգը

Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փոփոխություններ կատարել ավտոմեքենաների տեխզննության գործընթացում և ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ:

Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Մինչև 4 տարեկան ավտոմեքենաների վարորդները կարիք չեն ունենա տեխզննություն անցնել: Մինչև 10 տարեկան ավտոմեքենաները պետք է անցնեն տեխզննություն 2 տարին մեկ անգամ, իսկ դրանից ավելի երկար շահագործված ավտոմեքենաները՝ տարին 1 անգամ: Նախատեսում ենք ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ազատվել դիմապակուն փակցվող կտրոններից: Դրանք շատ դեպքերում ձևական բնույթ են կրում, քանի որ այսօր մարդիկ այդ կտրոնները կարող են ձեռք բերել բանկերից»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ տվյալ նախագծով մարդիկ պարտավորված կլինեն գնալ տեխնիկական զննության կայան: ՏԿԵ փոխնախարարը հայտնեց, որ տեխնիկական զննությունը լինելու է հնարավորինս ավտոմատացված և հնարավոր կլինի առցանց հետևել այդ գործընթացին:

«Առցանց հետևելով` մենք կկարողանանք խուսափել ոչ պատշաճ տեխնիկական զննության անցկացումից»,- ասաց Սիմոնյանը:

Ավտոմեքենաների տեխզննության գործընթացի ընթացակարգերում փոփոխությունների համար Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և մի շարք այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխությունների ու լրացումների նախագծերի փաթեթին: