16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Արդեն մի քանի օր է, ինչ Սեւան քաղաքում մեկնարկել են Գրիբոեդովի փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից:
Փողոցի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Այս ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն 99 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն: Փողոցի հիմնանորոգման համար նախատեսված տարածքը կազմում է 4578 քառակուսի մետր մակերես:
Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժում, վերատեղադրում, ծածկույթի կառուցում, փողոցի անցումների, անհարթությունների, երթեւեկելի մասի գծանշում, ասֆալտբետոնե արգելակիչների եւ ճանապարհային նշանների տեղադրում, այլ բնույթի ու ծավալի աշխատանքներ:
«Այս ծրագրի իրականացմամբ Սեւան քաղաքում կավելանա հիմնանորոգված ու ներկայանալի փողոցների թիվը` անվտանգ եւ ապահով երթեւեկությամբ, հարմարավետ անցուդարձով: Առաջիկայում Սեւանում կիրականացվի այս տարվա համար նախատեսված «Սեւան համայնքի թվով 5 բակային ճանապարհների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը: Գրիբոեդովի փողոցի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից: