ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քնչական կոմիտեից, մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իր կողմից շահագործվող «ԲՄՎ 525Ի» մակնիշի ավտոմեքենան, 2020թ. մայիսի 10-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 3-րդ կիլոմետրի հատվածումթ ույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություն՝ վարել է տեսանելիությանը համապատասխանող թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ, դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և բախվել Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի 27-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենային:
Իր գործողություններով պայմանավորելով տվյալ վթարի առաջացումը և ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից՝ 27-ամյա վարորդին և ուղևորին՝ վարորդի 65-ամյա մորը անզգուշությամբ պատճառել է մահ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության, կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: