կարևոր
1165 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-04 12:57

«Բարգավաճ Հայաստանը» դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթին

«Բարգավաճ Հայաստանը» դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթին:

Այս մասին ասաց Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում փաթեթի քննարկմանը:

«Բազմաթիվ ուսանողներ ընդունվել են ԵՄ բուհեր: Հիմա, եթե ՀՀ ողջ տարածքով հայտարարում ենք կարանտին, վատթարագույն ազդակն է լինելու այդ երկրների համար: Որոշ ուսանողներ կարողացան չարտերային թռիչքներով գնալ, բայց մի քանի ուսանողներ չեն կարողանում գնալ»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորի կարծիքով՝ այն դեպքում, երբ արտակարգ դրության ռեժիմից անցում է արվում կարանտինի, մյուս երկրները մտավախություն ունեն, որ Հայաստանի հետ սահմանները չպետք է բացվեն: «Կարանտին բառը լսելով՝ բնականաբար, որևէ երկիր Հայաստանի հետ օդային սահմանը չի բացելու: Այս ձևով այս նախագիծը «Բարգավաճ Հայաստանի» համար միանշանական անընդունելի է»,- նշեց նա:

«Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց՝  ըստ էության նշելով, որ եվրոպական երկրների արտգործնախարարություններում որոշումները չեն կայացվում միայն կարանտին բառը հիմք ընդունելով: «Երբ մի երկրից ելքն ու մուտքն արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար մեկ ցուցիչը հետևյալն է՝ ինչպիսի հակահամաճարակային իրավիճակ է իրականում այդ երկրում, այսինքն՝ թե օրական վարակումների ինչքան թիվ է գրանցվում»,-ասաց նա:

Կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով հնարավորություն կընձեռվի այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:

Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Կարանտինը ենթադրում է համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում: