կարևոր
1588 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-04 11:48

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց արտակարգ դրությունը չերկարաձգելու հնարավորություն տվող փաթեթին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց արտակարգ դրությունը չերկարաձգելու հնարավորություն տվող փաթեթին

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը:

Հանձնաժողովում փաթեթը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

«Այս օրենքների փաթեթն ուղղված է համավարակի դեմ պայքարը շարունակելուն նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտվելուց հետո: Ներկայումս համավարակային իրավիճակը որոշակի թուլացում է արձանագրել, որը հնարավորություն է տալիս կառավարությանը՝ պայքարը ծավալել նաև արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ փաթեթը համատեղ հեղինակել են Առողջապահության և Արդարադատության նախարարությունները:

Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համավարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:

Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինեն նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:

Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: