23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում այսուհետև կատարվելու են մորից երեխային ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը:
«Ձևավորվել է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որի գործառույթների մեջ է մտնում ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլ նաև որոշ հիվանդությունների վերացման մեթոդների մշակումը (էլիմինացիա): Այս համատեքստում շատ կարևոր է, որ երկու կազմակերպություն միավորվել են»,- նշել է Մադոյանը:
Նրա խոսքով՝ այժմ աշխատում են միասնական տեսլականի վրա, արդեն ուրվագծված են որոշ ուղղություններ, որոնց շուրջ աշխատանքներ են տարվում։
«Հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագիրն իրականացնելու է մեր ազգային կենտրոնը, բացի այդ, մորից երեխային ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ենք իրականացնելու։ Հայաստանը՝ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման բացառման առումով լուրջ հաջողությունների է հասել, և այդ փորձը մենք տարածելու ենք նաև այլ վարակների վրա»,- ընդգծել է Մադոյանը։