կարևոր
967 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-03 14:40

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում գործարկվել է թթվածնի նոր կայան

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում գործարկվել է թթվածնի նոր կայան

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում սեպտեմեբերի 3-ին գործարկվել է թթվածնի նոր կայան: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը և հավելեց, որ բուժառուները թթվածինը մոտ ապագայում կստանան նոր կայանից:

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Այս պահին վերանորոգվում է 5-րդ բաժանմունքը, որը սպասարկում էր մեծահասակներին: Գրեթե ավարտված է 6-րդ բաժանմունքը, որն առաջ ծառայում էր զինվորականներին, այժմ ամբողջ հիվանդանոցը ծառայում է կորոնավիրուսով հիվանդ բուժառուներին»,- նշեց Մադոյանը:

Նրա խոսքով՝ կատարվում են նաև ընթացիկ աշխատանքներ, քանի որ նախկինում ոչ բոլոր բաժանմունքներն են նախատեսված եղել օդակաթիլային վարակների վերահսկումն ապահովելու համար:

«Նախատեսվում է այդ տարածքում կառուցել նաև նոր մասնաշենք՝ կլինի մոդեռնիզացված կառույց: Այն միմյանց կկապի «Ա» և «Բ» մասնաշենքերը: Առաջիկայում կսկսվի նաև լաբորատոր մասնաշենքի կառուցումը: Արդեն արվել են նախագծային աշխատանքները»,- ընդգծեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը:

Մադոյանը հույս հայտնեց, որ 2021 թվականին կկարողանան սկսել այդ մասնաշենքերի կառուցման աշխատանքները: