Դերասան Միխայիլ Եֆրեմովն ընդունել է Սմոլենսկի հրապարակում տեղի ունեցած վթարի մեջ իր մեղավորությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն դատավորի հարցին ի պատասխան դերասանը հակիրճ պատասխանել է. «Ես ընդունում եմ իմ մեղքը»:
Իր հերթին դատախազը հայտարարել է, որ Եֆրեմովի մեղքը լիովին ապացուցված է համարում եւ դատարանից պահանջել է դերասանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։
ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն՝ մահացու ելքով «հարբած» ավտովթարի համար առավելագույն պատիժը 12 տարվա ազատազրկումն է:
Հիշեցնենք, որ Եֆեմովի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Դերասանի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել է Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը՝ Սերգեյ Զախարովը, հոսպիտալացվել էր գանգուղեղային փակ վնասվածքով, սակայն ավելի ուշ մահացել էր:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ վթարի պահին դերասանը հարբած է եղել, իսկ ավելի ուշ նրա արյան մեջ թմրանյութի առկայություն են հայտնաբերել: Առաջին հարցաքննության ժամանակ Եֆրեմովը չի կարողացել հիշել, թե ինչ է տեղի ունեցել, բայց իր մասնակցությունը չի հերքել (դա ամրագրված է գործի նյութերում): Ողբերգությունից մի քանի օր անց դերասանը տեսանյութ էր ձայնագրել՝ ներողություն խնդրելով զոհվածի ընտանիքից։ Սակայն Զախարովի հարազատները դա չեն ընդունել, ինչպես նաեւ առաջարկված նյութական օգնությունը։ Դերասանն առայժմ տնային կալանքի տակ է։