Ամերիկյան վարչակազմը սեպտեմբերի 2-ին պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի նկատմամբ, որը հետաքննում է ամերիկացի զինվորականների հանցագործություններն Աֆղանստանում: Այս մասին գրում է «Европейская правда» պարբերականը։
Պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ տարածքում ակտիվների սառեցում, ինչպես նաև ԱՄՆ մուտքի արգելք։
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցային ցուցակում են ներառել նաև Միջազգային քրեական դատարանի Իրավասության, փոխլրացման և համագործակցության բաժնի պետ Ֆակիսո Մոչոչոկոյին։
Մեկնաբանելով ընդունած որոշումը՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մանրամասնել է, որ հերթական քայլն են անում, քանի որ դատարանը շարունակում է թիրախավորել ամերիկացիներին։ Նա շեշտել է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք կշարունակեն նյութական աջակցություն ցուցաբերել վերոնշյալ երկու անձանց, նույնպես կենթարկվեն պատժամիջոցների:
Պոմպեոն նաև հստակեցրել է, որ պետդեպարտամենտը սահմանափակել է ԱՄՆ մուտքն այն անձանց համար, որոնք ներգրավված են եղել ամերիկյան զորակազմի գործողությունների հետաքննման ջանքերում։ Նա անուններ չի նշել։