կարևոր
1143 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 18:58

Ամփոփվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքերը. հաղթող է ճանաչվել ՌԴ ԶՈւ հավաքական թիմը

Ամփոփվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքերը. հաղթող է ճանաչվել ՌԴ ԶՈւ հավաքական թիմը

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ այս տարի մրցույթն անցկացվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն է առաջացրել թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար:

«Հայաստանի պաշտպանության նախարարությունն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մենք ըմբռնումով մոտեցանք այն փաստին, որ նախօրոք հայտագրված մի քանի պետություն հրաժարվեց թիմեր ուղարկել համավարակի սահմանափակումների հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած խիզախության և վճռականության համար: Չեմ կարող առանձին չնշել ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանի ելույթը, ով անհատական հաշվարկում հաղթող է: Շնորհակալություն ծառայության համար: Դե իսկ ռուսական հավաքականը վստահ և վաստակած հաղթանակ տարավ՝ գրանցելով պատրաստության ամենաբարձր մակարդակը: Բոլորիդ նոր ձեռքբերումներ եմ մաղթում,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովն իր խոսքում նշել է, որ իրենք շատ լավ գիտակցում են, թե ինչքան դժվար է եղել մրցույթի կազմակերպումը անվտանգության ապահովման լրացուցիչ ծանրաբեռնվածության պայմաններում:

«ՌԴ պաշտպանության նախարարի անունից շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին անկախ զբաղեցրած հորիզոնականից, չէ՞ որ մասնակցությունն այս մրցույթին արդեն հաղթանակ է»,- ասել է Կարտապոլովը:

Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ երրորդ տարին անընդմեջ լավագույնը դարձել է ՀՀ զինված ուժերի թիմից լեյտենանտ Արմինե Գրիգորյանը: Երկրորդ տեղում ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է եղել, երրորդը Հունաստանից սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսը: Տղամարդկանց անհատական պայքարում մրցանակային բոլոր տեղերը Ռուսաստանի մասնակիցներինն է եղել՝ առաջին տեղ՝ ենթասպա Սերգեյ Սմիրնով, երկրորդ տեղ՝ լեյտենանտ Գերման Դավիդով, երրորդ տեղ՝ ավագ լեյտենանտ Միխաիլ Իվանով:

Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականը զբաղեցրել եէ Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիմը: «Խաղաղության մարտիկ-2020» մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հավաքական թիմը:

Բոլոր մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվել է ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով: