կարևոր
1191 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 16:05

Արտակարգ դրության ավարտից հետո ՀԿԱԾ-ը վերսկսելու է հարուցված վարույթներով բռնագանձումները

Արտակարգ դրության ավարտից հետո ՀԿԱԾ-ը վերսկսելու է հարուցված վարույթներով բռնագանձումները

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (ՀԿԱԾ) հայտնում են՝ Արտակարգ դրության ավարտից հետո արգելանք կիրառելու և բռնագանձում տարածելու սահմանափակումը դադարելու է:

«Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երկրում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Կառավարության որոշման հիման վրա սույն թվականի ապրիլի 14-ից հետո Ծառայությունն արգելանքներ չի կիրառել և բռնագանձում չի կատարել հանրային իրավական դրամական պահանջների գործերով՝ տրանսպորտային միջոցի կայանման համար սահմանված կարգով չվճարելու հիմքով, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության կողմից կայացված և անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով»,- այս մասին նշված է ՀԿԱԾ-ի հաղորդագրության մեջ։

Ծառայությունը տեղեկացնում է, որ արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ժամը 17։00-ից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավոր է վերսկսել նշված վարույթներով օրենքով նախատեսված գործողությունների կատարումը, այդ թվում՝ պարտավորության չափին համապատասխան արգելանքի կիրառումը և համապատասխան դրամական միջոցների բռնագանձումը։