կարևոր
1054 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 15:31

Գևորգ Գորգիսյանն անդրադարձել է իշխանությունների կողմից բոլոր տոները սեփականաշնորհելու արատավոր երևույթին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Տոնը սեփականաշնորհելու արատավոր ավանդույթը

Քսանինը տարի առաջ այս օրը՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր թե՛ ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, թե՛ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Հետո, իհարկե, ողջ հայությունը ստիպված եղավ զենքով պաշտպանել Արցախի հայության անկախ և խաղաղ ապրելու իրավունքը: Արցախյան գոյամարտը պսակվեց հաջողությամբ, որովհետև ողջ հայությունը համախմբվեց ու ոչինչ չխնայվեց Արցախը պահելու համար:

Արցախյան պատերազմի հաղթանակը բերեց հոգեվիճակի փոփոխության. մենք սգացողից դարձանք հաղթող: Եվ այսօր էլ, այդ հաղթական ոգին ապրում է ամեն հայի և առավել ևս՝ ամեն արցախցու մեջ:

Սակայն հաղթական իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետությունում դեպքերն այնպես զարգացան, որ հեղափոխությամբ իշխանության եկան մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ է պետությունը, չգիտեն՝ ինչ է պետականությունը, չեն հասկանում, որ գոյություն ունեն ազգային ու վերկուսակցական հարցեր, արժեքներ ու գաղափարներ, որոնց շուրջ համախմբվել ենք ու պիտի շարունակենք համախմբվել բոլորս: Ու հենց այդ համախմբվելու կարողությունն է եղել մեր բոլոր հաղթանակների գրավականը: Այս մարդիկ, արդեն երկու տարի հանրությանը մասնատելով, թուլացնում են մեր հետագա հաղթանակների հիմքերը: Սեփականաշնորհելով մեր բոլոր հաղթանակներն ու տոները՝ իրենց նույնականացնում են պետության և ժողովրդի հետ:

Սա պիտի լինի ամենաբարձր ահազանգը հանրության համար՝ գիտակցելու, որ մենք գործ ունենք մենիշխանության ձգտող՝ նախկիններից ավելի բիրտ ուժի հետ:
Այո՛, ես պնդում եմ, որ նույնիսկ մենիշխանական նախկինները, այս աստիճան լկտի, սանձարձակ, ամբարտավան չէին: Մեզ դիկտատուրայի նոր ու ավելի ուժգին փուլ է սպասվում, բայց ցավոք, հանրության մի մասը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել ու հավատալ, որ դեռ գալու են խոստացած պայծառ օրերը:
Ցավում եմ, որ այս կարևոր օրը ստիպված եմ անդրադառնալ այսքան դառը իրականությանը, բայց հենց այսպիսի օրերին ես հետահայաց նայում ու փորձում հասկանալ՝ ուր էինք, ինչ էինք երազում, բայց ուր հասանք և ուր են մեզ տանում:

Մեր երկիրն ու ժողովուրդը շատ ապիկար ղեկավարներ են տեսել, ու սա էլ կանցնի: Կարևորը, չնայած ամեն ինչին, մենք հիշենք, որ կան ազգային ու պետական արժեքներ, որ չեն ճանաչում կուսակցական պատկանելություն:

Ես խոստանում եմ, որ, չնայած մեզ բաժան-բաժան անելու դավադիր փորձերին, մեր քաղաքական թիմը ամեն ինչ անելու է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հանրային համերաշխության հաստատման ու պահպանման, բոլոր կարող ուժերին համախմբելու, փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման մթնոլորտում նորանոր համազգային հաղթանակներ կերտելու համար:

ԱՐՑԱԽ, ԻՄ ՍԵՐ, շնորհավոր անկախությանդ օրը: Քեզ հարատևում ու միայն հաղթանակներ: Մենք ամենքս՝ քո զինվորն ու քեզ զորավիգ»: