կարևոր
1400 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 12:44

Արցախն ապացուցել է երկրի հասարակական-քաղաքական կյանքը կազմակերպելու իր կարողությունը. Աննա Նաղդալյան

Արցախն ապացուցել է երկրի հասարակական-քաղաքական կյանքը կազմակերպելու իր կարողությունը. Աննա Նաղդալյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ճեպազրույցը սկսել է Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ շնորհավորանքով:

 Նաղդալյանը նշել է, որ այս տարիների ընթացքում Արցախն ապացուցել է իր կարողությունը՝ կազմակերպելու երկրի հասարակական-քաղաքական կյանքը, ապահովելու իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև՝ ստանձնելու միջազգային պարտավորություններ, հատկապես ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման ուղղությամբ:

«Արցախի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ընտրված իր իշխանություններին լիազորել է համապատասխան մանդատով՝ ներկայացնելու իր շահերը միջազգային հարթակում և նախ և առաջ՝ խաղաղ գործընթացում: Լիազորել նաև երաշխավորելու Արցախի անվտանգության համակարգի համապարփակությունը, ապահովելու երկրի բնականոն զարգացման և բարգավաճման համար ներքին և արտաքին համապատասխան պայմաններ»,- ասել է Նաղդալյանը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակը նշել է, որ Հայաստանն Արցախի հետ ունի շատ սերտ համագործակցություն՝ տարբեր մակարդակներում:

«Մենք պատրաստակամ ենք ձեռնարկել շարունակական քայլեր՝ այդ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ»,- նշել է Աննա Նաղդալյանը:

Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: