կարևոր
537 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-09-01 18:23

Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք

Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի: Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում, որից 3-ը՝ մահվան ելքով: Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ»,- գրել է Նիկողոսյանը:

Մամուլի խոսնակը նշել է, որ տուժածները տեղափոխվել են հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ. 3-ը՝ Արմավիրի ԲԿ (3-ը` մահացած), 17-ը՝ Արմենիա ՀԲԿ (8-ը` մահացած), 2-ը՝ Թիվ 1 համալսարանական կլինիկա, 1-ը՝ Էրեբունի ԲԿ:

«12 պացիենտից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, այդ թվում 2-ը՝ միացված են արհեստական շնչառության սարքին, 3–ը՝ ծանր վիճակում, 2-ը՝ միջին ծանրության և 2 անձ՝ դեռևս առանց կլինիկական նշանների: Եվս 1-ը գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս է գրվել Արմենիա ՀԲԿ-ից: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ»,- նշել է Ալինա Նիկողոսյանը:

Արմավիրում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից 10 մահվան դեպք է արձանագրվել, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279­-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: