կարևոր
1162 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-01 14:56

Արտահերթ նիստով կքննարկվի արտակարգ դրությունը չերկարաձգելու արտակարգ իրավիճակի օրինագծերի փաթեթը

Արտահերթ նիստով կքննարկվի արտակարգ դրությունը չերկարաձգելու արտակարգ իրավիճակի օրինագծերի փաթեթը

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստով կքննարկի կառավարության կողմից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով հնարավորություն կընձեռվի այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: Խորհրդարանի արտահերթ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց` «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:

Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:

Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինի նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43 878 դեպք, որոնցից 38 356-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 373 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 989 թեստավորում, իսկ ընդհանուրը՝ 206 929 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուր առմամբ արձանագրվել է մահվան 881 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 268 դեպք, երբ բուժառուի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: