կարևոր
18643 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-01 13:51

Սա աննախադեպ գնում է, որովհետեւ շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել․ Հակոբ Կարապետյան

Քաղաքը ունի տրանսպորտային լուրջ խնդիր, եւ դրա լուծման ճանապարհին լրացուցիչ բարդություններ են ի հայտ գալիս՝ կապված գնման գործընթացի անկանխատեսելիության, կորոնավիրուսային համավարակի հետ եւ այլն: Եվ դրան գումարած, նույն մեր գործընկերները փորձում են մեդիապղպջակների միջոցով «փչացնել պատկերն» ու ի սկզբանե կասկածի տակ դնել տրանսպորտային ռեֆորմի արդյունավետուիթյունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Դրա հետ կապված կարճ ասեմ, որ քաղաքը պատվիրում է ոչ թե որեւէ մակնիշի մեքենա, այլ պատվիրում է պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն պոտենցիալ մատակարարաները: Եվ ներկա գնման գործընթացքով քաղաքը պատվիրել է 100 փոքր տարողության ԱՎՏՈԲՈՒՍ, որոնք պետք է ունենան, մասնավորապես

  •  ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ)
  • սրահի այնպիսի բարձրություն, որ ուղեւորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել,
  • վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն
  • ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտա
  •  կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր
  • ցածր հատակ
  • հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն
  • հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ, եւ այլն (մրցույթի բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ Yerevan.am կայքում):

Այս մրցույթն արդեն ավարտվել է, մոտ օրերս գնահատող հանձնաժողովը եզրակացություն կտա, որին կհետեւի ավտոբուսների մատակարարման ընթացքը:

Այո, սա աննախադեպ գնում է, որովհետեւ շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել: Փոքր ավտոբուսների ձեռքբերումը ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Հակառակը՝ 12 մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի:

Տրանսպորտային ռեֆորմը Երեւանի քաղաքային իշխանության ամենամեծ առաջնահերթությունն է, եւ այն վստահաբար կիրագործվի:

Լուսանկարում՝ պայմանական մինի ավտոբուս: Մոտավորապես սրա նման 100 ավտոբուս է պատվիրվել»,-գրել է խոսնակը: