կարևոր
1284 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 21:43

Համաշխարհային բանկը Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով ֆիզիկական վնասը մինչեւ 4,6 միլիարդ դոլար է գնահատել

Համաշխարհային բանկը Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով ֆիզիկական վնասը մինչեւ 4,6 միլիարդ դոլար է գնահատել

Համաշխարհային բանկը Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով ֆիզիկական վնասը մինչեւ 4,6 միլիարդ դոլար է գնահատել:

Օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի պատճառ է դարձել 2014 թվականից Բեյրութի նավահանգստում պահվող գրեթե 3000 տոննա ամոնիումի նիտրատը: Պայթյունի հետեւանքով զոհվել է 190 մարդ, ավելի քան 6000-ը վիրավորվել են, գրեթե 300 000 մարդ անօթեւան է մնացել, նավահանգստի մեծ մասը ավերվել է, ամբողջ թաղամասեր են տուժել:

«Այս ողբերգությունը տեղի ունեցավ սարսափելի պահի, երբ Լիբանանը պայքարում է խորը տնտեսական եւ սոցիալական ճգնաժամի հետ, որն ավելի է սրվում COVID-19 համավարակի պատճառով»,- ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում, որը նա պատրաստել է ՄԱԿ-ի եւ Եվրամիության հետ համատեղ:

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ պայթյունի պատճառած ընդհանուր վնասը 3,8-4,6 միլիարդ դոլար է կազմում: Նշվում է, որ սոցիալական հատվածում առավելապես տուժել են բնակարանները եւ մշակութային օբյեկտները, որոնք զգալի վնասներ են կրել` համապատասխանաբար 1,9-2,3 միլիարդ դոլար եւ 1-1,2 միլիարդ դոլար:

Համաշխարհային բանկը նաեւ տնտեսական գործունեությունից կորուստները գնահատել է 2,9-3,5 միլիարդ դոլարի միջակայքում: Պետական հատվածի վերակառուցման եւ վերականգնման կարիքները 2020-2021թթ․ համար գնահատվում են 1,8-2,2 միլիարդ դոլարի միջակայքում, ընդ որում՝ մինչեւ տարեվերջ կպահանջվի 760 միլիոն դոլար:

Զեկույցում նշվում է, որ միջազգային օգնությունը եւ մասնավոր ներդրումները կարեւոր նշանակություն կունենան համակողմանի վերականգնման եւ վերակառուցման համար:

Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը ավելի վաղ պայթյունի պատճառած վնասը 10-15 մլրդ դոլար էր գնահատել: