կարևոր
968 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 16:36

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը փակ է բեռնատար մեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասում հենապատի կառուցման և իրականացվող հանույթի ընթացքում պարզվել է‚ որ գրունտներն անկայուն են և վտանգավոր բեռնատար մեքենաների երթևեկի համար, ուստի մինչև սեպտեմբերի 6-ը՝ մինչև հենապատի կառուցումն ու լիցքը‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը փակ է բեռնատար մեքենաների երթևեկության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բեռնատարների վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհով։

Բացի այդ, Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում օգոստոսի 31-ին‚ ժամը 16.00-19.00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։

«Այս ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 16.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։