կարևոր
1507 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-31 15:01

Հայաստանում ապրող քրդերը ակցիա իրականացրին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հայաստանում ապրող քրդերը ակցիա իրականացրին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ փորձելով կառույցի ուշադրությունը սևեռել Իրաքում քրդական բնակավայրերի նկատմամբ թուրքական գործունեության վրա։

«Քուրդիստան» կոմիտեի ղեկավար Սլո Դրբոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք խնդրում են կանխել Թուրքիայի գործողությունները:

«Մենք այստեղ ենք եկել, որպեսզի առաջ քաշենք մեր ազգակցների մտահոգությունները: Թուրքական իշխանությունն այսօր այնպիսի  քաղաքականություն է վարում, որը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Քուրդ ազգը Իրաքում գրեթե ոչնչացման եզրին է»,- նշել է Դրբոյանը և հավելել, որ իրենց անհանգստացնում են այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են, որ ՄԱԿ-ի գրասենյակը միջոցներ կձեռնարկի կանխելու Թուրքիայի այս ցեղասպան գործողությունները:

«Խնդրում ենք ՄԱԿ-ի ղեկավարությանը, որպեսզի աջակից լինեն։ Քուրդ ժողովուրդը մի բան է ուզում՝ ժողովրդավարություն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրանում, Իրաքում, կարողանանք մեր լեզվող խոսել, սովորել, մեր մշակույթը պահպանել։ Թուրքիայի այս քաղաքականությունը ոչ ոքի լավ բան չի բերի, պետք է միասնական պայքարենք Էրդողանի քաղաքականության դեմ»,- ընդգծել է «Քուրդիստան» կոմիտեի ղեկավարը։

Ակցիայի մասնակիցները նաև իրենց մտահոգությունների վերաբերյալ նամակ են փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։