կարևոր
1203 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-29 19:38

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել փաստերը. հակահայկական ակցիայի հերթական վայրը Բրազիլիան է

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել փաստերը. հակահայկական ակցիայի հերթական վայրը Բրազիլիան է

Ադրբեջանը շարունակում է պատմական փաստերը խեղաթյուրելու իր քաղաքականությունը՝ այս անգամ «Հայաստա՛ն, դադարեցրո՛ւ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիան» պաստառ տեղադրելով Բրազիլիայում: «Հայ երիտասարդաց ֆիդայիներ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը ներկայացրել է ադրբեջանցիների կողմից պաստառի տեղադրման և այն ՀՀ դեսպանի ջանքերով հանելու պատմությունն ու նշել, որ Բրազիլիայում սա ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայ քաղաքականության առաջին դրսևորումը չէ:

«Պաստառն ադրբեջանցիների կողմից տեղադրվեց Բրազիլիա մայրաքաղաքում՝ օդանավակայանի ճանապարհին: Անմիջապես մեր կազմակերպության ռադիոկայանը լուր հաղորդեց այս մասին, որից հետո մեր հարգելի դեսպան Արման Հակոբյանն արագ աշխատանքներ իրականացրեց, և հաջողվեց հանել այդ պաստառը: Պաստառի վրա զրպարտություն էր գրված, նշված էր՝ «Հայաստա՛ն, կանգնեցրո՛ւ Ադրբեջանի դեմ ագրեսիան»: Ադրբեջանցիները փորձեցին Բրազիլիայի ժողովրդին թյուր տեղեկություն հաղորդել և մեր ազգի դեմ տրամադրել, սակայն մոտ երեք օր մնալուց հետո պաստառը հանվեց»,- ասել է Կարամեկիանը:

«Հայ երիտասարդաց ֆիդայիներ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ի հիմնադիրը նշել է, որ նման պաստառի տեղադրումն ըստ էության անօգուտ և անիմաստ էր ադրբեջանիցների կողմից, սակայն առաջին դեպքը չէր, երբ նրանք դիմում են նման հակահայկական քայլի:

«Երբ մենք Բրազիլիայի քաղաքներից մի քանիսը հռչակեցինք Ստեփանակերտի և Շուշիի հետ քույր քաղաք, և երբ Բրազիլիայում Ադրբեջանի դեսպանը տեղեկացավ այս մասին, անմիջապես փորձեց չեղարկել քույր քաղաքների համաձայնագրերը: Մեր կազմակերպությունն այս հարցում ևս հաջողեց, և մինչ օրս կարողանում ենք ուժի մեջ պահել այս համաձայնագրերը»,- նշել է կազմակերպության ղեկավարը:

Սարգիս Կարամեկիանը հավելել է, որ հուլիսին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում սոցիալական ցանցում հակահայկական գրառում էր կատարել նաև Բրազիլիայի խորհրդարանի պատգամավորը, որը Բրազիլիա-Ադրբեջանի բարեկամական խմբի ղեկավարն է:

«Սոցիալական ցանցի իր էջում գրություն տարածեց, որ Հայաստանն ագրեսիա է իրականացնում Ադրբեջանի նկատմամբ: Մեր ռադիոկայանը փորձեց կապվել նրա հետ, նրանց քարտուղարի հետ խոսեցինք, մեկ ամսվա ընթացքում մինչ օրս այդ մարդը չի ընդունում մեր հրավերը, որպեսզի գա, ներկայացնի, թե ինչու է նման բան գրել և ինչու է պաշտպանում Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանն է Հայաստանի նկամամբ ագրեսիա իրականացնում»,- ասել է Սարգիս Կարամեկիանը:

Ադրբեջանական պաստառը Բրազիլիայում տեղադրվել է օգոստոսի 25-ին և հանվել օգոստոսի 27-ին: