կարևոր
623 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-29 11:40

ՀԷԿ-երը շարունակում են ոչնչացնել մեր գետերը․ ՀԲՃ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Փոքր ՀԷԿ-երը նախկինի նման շարունակում են չորացնել Հայաստանի գետերն ու ոչնչացնել կենսաբազմազանությունը։ Ուղղակի դիտեք մեզ ուղարկած ահազանգի կադրերն ու կհամոզվեք, որ ձևական ու դրվագային փոփոխություններ անելով խնդիրները հնարավոր չէ լուծել։ Նույնիսկ կարևոր չէ, թե ովքեր են այս հիդրոէլեկտրակայանները շահագործող ընկերությունները, քանի որ ջրասակավ ժամանակահատվածում սա կրում է համատարած բնույթ՝ ինչպես և նախկինում էր։ Կան հարյուրավոր արձանագրված փաստեր վերջին 10 տարվա ընթացքում։

Այս տեսագրություններն արվել են հեռախոսով 2020թ-ի օգոստոսին, Արփա և Սառնակունք (Որոտանի վտակ) գետերի հովիտներում, ՀԲՃ-ի աջակիցների կողմից։ Ահազանգը չենք փոխանցում որևէ պետական կառույցի, քանի որ անիմաստ ենք համարում մասնավոր դեպքերի հետևից գնալն ու ինչ-որ ծիծաղելի տուգանքներ գրելը։ Խնդիրն ունի համակարգային լուծման կարիք, իսկ դրա համար անհրաժեշտ է ցանկություն, կամք, գիտելիք ու մասնագետներին լսելու ունակություն։

Ակնհայտ է, որ 2018թ-ի մայիսից հետո այս ոլորտը կարգավորելու ուղղությամբ արված փոփոխությունները խիստ անբավարար են ու գետային էկոհամակարգերը շարունակում են հայտնվել աղետալի վիճակում։ Փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում ջրաչափեր տեղադրելու պահանջն ու իրականացումը ներկայացվում էր որպես լուծում և մեծ ձեռքբերում, բայց իրականում դա ոչ միայն այդպես չէ, այլ շատ դեպքերում տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հեշտությամբ ամբողջովին ջրազրկել գետերը կամ չպահպանել ջրօգտագործման թույլտվություններով սահմանված առանց այն էլ հակաէկոլոգիական բնապահպանական թողքը։

Այս հոդվածում չենք ներկայացնի բոլոր մասնագիտական նրբությունները, այլ կհորդորենք պետական լիազոր մարմիններին կամք դրսևորել ու լուրջ մասնագիտական քննարկումներից հետո գտնել այս և մնացած էկոլոգիական խնդիրների լուծման իրական ճանապարհները։

Իմիտացիոն գործողություններ անելու ժամկետները վաղուց սպառված են։

Գլխավոր նկարում Արփա գետն է, որն ամբողջովին չորացել է ՓՀԷԿ-ի գործունեության արդյունքում։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃկամավորական քաղաքացիական նախաձեռնություն