կարևոր
1137 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-28 21:27

Ջրբաշյանը վստահ է՝ Հայաստանում ներդրումներ ունենալու համար պետք է լուծել արտադրողականության խնդիրը

Ջրբաշյանը վստահ է՝ Հայաստանում ներդրումներ ունենալու համար պետք է լուծել արտադրողականության խնդիրը

«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի կարծիքով՝ Հայաստան ներդրումներ բերելու համար պետք է լուծել արտադրողականության խնդիրը:

Ջրբաշյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ երկարաժամկետ ներդրումների ներգրավման լուրջ խնդիր ունենալու պայմաններում դրամավարկային քաղաքականության ընդլայնողական ուղղվածութությունը պետք է միտված լինի արդյունաբերության, առհասարակ տնտեսության տեխնոլոգիական վերազինմանը:

«Հայաստանի նման զարգացող երկրում երկարաժամկետ ներդրումների ներգրավման լուրջ խնդիր կա, և երբ փորձում են տոկոսները, սղաճը և այլ ցուցանիշներ պահել կայունացման գրեթե զրոյական մակարդակի վրա, զոհում են սեփական երկրի արտահանման պոտենցիալը: Մինչև ինքներս չապահովենք արտադրողականության բարձրացումը, ակնկալել, որ ինչ-որ մեկը դրսից ներդրումներ կբերի՝ մեծ խաբկանք է: Սեփական երկրի արտահանման պոտենցիալը զոհելով քո ապրանքները միայն թանկանում են դրսի շուկաներում: Արդյունքում սպանում ես արտահանման քո պոտենցիալը, բայց միաժամանակ, դրա փոխարեն չես ստանում անհրաժեշտ ներդրումային բազա: Խոսքը տվյալ Կառավարության կամ այս իշխանությունների մասին չէ, այլ ավելի երկարաժամկետ՝ մոտ 10-15 տարվա իրողությունների մասին»,- նշեց Ջրբաշյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն առաջին հերթին իր սեփական ուժերով պետք է լուծի արտադրողականության խնդիրը, պետք է ցույց տա, որ կարող է ստեղծել ավելացված արժեք ավելի լավ, քան այդ դաշտում անում են իր մրցակիցները: Տնտեսագետն ընդգծեց, որ դրանից հետո միայն կարելի է խոսել ներդրումների մասին: