կարևոր
1612 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-28 18:19

Ռազմաքաղաքական իրադրությունը չի փոխվել. Տոնոյանն՝ Ապրիլյան պատերազմում հայկական կողմի արդյունքի մասին

Ռազմաքաղաքական իրադրությունը չի փոխվել. Տոնոյանն՝ Ապրիլյան պատերազմում հայկական կողմի արդյունքի մասին

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չցանկացավ պատասխանել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցերին՝ լրագրողներին հորդորելով իրենց հարցերն ուղղել ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո:  Այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքերի քննիչ հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, սպասենք, հայտարարություն լինի, այդ ժամանակ հարցեր ուղղեք, միգուցե ես համաձայն լինեմ, գուցե ինչ-որ բանի հետ անհամաձայնություն ունենամ»,- ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով հարցին, թե հաղթել է հայկական կողմն Ադրբեջանի սանձազերծած այդ պատերազմում, թե պարտվել, Տոնոյանը նշեց, որ գլոբալ առումով ռազմաքաղաքական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:

«Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշեց նախարարը:

2019թ. մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի փակ նիստերին մասնակցել են բազմաթիվ ներկա և նախկին պաշտոնյաներ, ռազմական գործիչներ, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել Ապրիլյան պատերազմի հետ: Հանձնաժողովն իր աշխատանքների եզրակացությունը հրապարակելու է 2020թ. սեպտեմբեր ամսին: