Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը: Աս մասին հայտնում են Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Փոխնախարարը քննարկմանը ներկայացրել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո գենդերային հավասարության և մարդու իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացն ու առկա մարտահրավերները։
Նա, մասնավորապես, անդրադարձ է կատարել Հայաստանի զգալի հաջողություններին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի օրենսդրության ընդունման հարցում և ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը՝ ուղղված կանանց հզորացմանը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում։
Այս համատեքստում Քրիստինե Գրիգորյանը կարևորել է 2018-ին Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ դառնալու փաստը, Կառավարության կողմից հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև թրաֆիքինգի կանխարգելման և թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման նպատակով հաստատված ռազմավարությունները։ Անդրադառնալով քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը՝ փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է խորհրդարանում կանանց ներկայացվածության վիճակագրությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է խորհրդարանում կանանց քվոտաների 25%, մինչդեռ 2018 թվականի դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններին կանանց մասնակցությունը գերազանցել է օրենսդրական քվոտան՝ կազմելով 32%․ ներկայում կանայք ներկայացնում են ՀՀ ազգային ժողովի 24%-ը:
«Գործադիր իշխանությունը ևս կայուն քայլեր է կատարում այս ուղղությամբ․ թեև 12 նախարարներից միայն 1-ն է կին, այդուհանդերձ, 2018 թվականից ի վեր ունեցել ենք 11 կին փոխնախարարներ»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով նաև Ոստիկանության բարեփոխումների համատեքստում կանանց ավելի ակտիվ ներգրավվածության քաղաքական որոշման մասին։
Քրիստիննե Գրիգորյանն այնուհետև անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում կանանց հանդիպած մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած գործողություններին և առաջիկայում նախատեսվող անելիքներին։