կարևոր
1726 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-28 09:39

Նախարարները լավ չեն աշխատում. ինչու էր զայրացել Նիկոլ Փաշինյանը․ «Ժողովուրդ»

Նախարարները լավ չեն աշխատում. ինչու էր զայրացել Նիկոլ Փաշինյանը․ «Ժողովուրդ»

«Երեկ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոպիտ խոսեց ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի քննարկման ժամանակ:

Բանն այն է, որ այդ կարևոր նախագծի քննարկմանը, որն արդեն մշակվում է երկու ամիս, կառավարության անդամները եկել են հանպատրաստից, քանի որ միայն երեկ էին ստացել այդ ծավալուն փաստաթուղթը և չէին հասցրել ուսումնասիրել: Եվ հենց այդ հանգամանքն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթն առաջացրեց, որը փորձեց հասկանալ, թե ինչու է այդպես ստացվել, որ կարևոր նախագծերը նախապես չեն քննարկվում, և նույնիսկ ամենափոքր ուղղումներն էլ արվում են հենց կառավարության նիստում:

Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այդ նախագիծը հրապարակվեց կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո, այնինչ հակառակն է լինում. սկզբում նախագիծը պետք է հրապարակվի այդ կայքում, անցնի հանրային քննարկում, բոլոր գերատեսչություններն առաջարկներ ներկայացնեն, և նոր միայն այդ ամենի վերջնարդյունքում նախագիծ կազմվի և ներկայացվի կառավարություն:

Այնինչ երեկ հակառակը եղավ, ինչը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, զայրացրել է վարչապետին, և նրա նախատինքը չի ավարտվել միայն կառավարության նիստում, և դրա ավարտից հետո ևս նա հասկացնել է տվել, որ դժգոհ է կառավարության անդամների այս գործելաոճից, իսկ վերջիններս էլ ձախողումն ընդունելու փոխարեն իրար վրա գցելով էին փորձում մեղավորներ գտնել:

Սակայն նկատենք՝ խոսքը կարևոր նախագծի մասին է, որի կարգավորումները պետք է փոխարինեն արտակարգ դրության իրավական ռեժիմին: Եվ, ահա, այս փոփոխությունը հնարավորություն կտա կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: