կարևոր
1041 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-27 23:04

ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ

ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ

ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ․

«Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է:

Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով: Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին:  

Պարզունակ քարոզչության և հայատյացության հնարքներով սեփական ժողովրդին կերակրող Ադրբեջանի բռնապետական ռեժիմն իջել է այն մակարդակին, որ հուլիսյան մարտերում սեփական բանակի լուրջ անհաջողությունները կոծկում է ռազմագերուն պարտադրված շինծու տեքստերով: 

Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանն այն սակավաթիվ երկրներից է, որոնք հրաժարվում են վավերացրել Ժնևի կոնվենցիաներին կից բոլոր լրացուցիչ արձանագրությունները:

Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները լրջորեն խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը»: