կարևոր
1079 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-27 21:04

Ռայնիսի փողոցի շենքերից մեկում պայթյունից տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Ռայնիսի փողոցի շենքերից մեկում պայթյունից տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Երևանի Ռայնիսի փողոցի շենքերից մեկում  պայթյունից տուժած 2 քաղաքացիներ վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա: Այս մասին ասել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Օգոստոսի 26-ին փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված  41-ամյա Էդգար Մարգարյանը և 71-ամյա Սվետլանա Սահակյանը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները 41-ամյա Էդգար Մարգարյանի առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, նա միացված է արհեստական շնչառության սարքին, մյուս տուժածի՝ Սվետլանա Սահակյանի վիճակը միջին ծանրության է:

Օգոստոսի 26-ին ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Փլատակների տակից դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված Արթուր Գեորգիի Ղազարյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով: