Երևանում օգոստոսի 27-ին կմեկնարկի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի համերգային ծրագիրը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մամուլի ասուլիսի ժամանակ կարևորելով փառատոնի գոյությունն ընդգծեց․
«Ֆրեսկոն» ապացուցել է, որ կրոնական և աշխարհիկ աշխարհընկալումների միջև չկա հակասություն: Այս իմաստով, փառատոնը բացառիկ ձևաչափ ունի և ամենամյա ուղերձները չափազանց կարևոր են մեզ հիշեցնելու համար մի շարք կարևոր արժեքների մասին։ «Ֆրեսկոն» փոխել է նաև մշակույթի նկատմամբ մարդկանց աշխարհընկալումները»։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանն էլ խոսելով Բերդ քաղաքում կայացած բացման արարողության մասին, նշեց, որ այն անցել է սպասվածի նման, ունեցել են բազմաթիվ դրական արձագանքներ:
«Օգոստոսի 27-ից մեկնարկելու է համերգային ծրագիրը: Լինելու են նաև ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Այս տարի ներկայացված էր 3 000 ֆիլմ՝ 85 երկրից: Փառատոնում ընդգրկվել է 63 ֆիլմ՝ 23 երկրից»,- մանրամասնեց Կարապետյանը, հավելելով․ «Ֆրեսկոն» աստիճանաբար մեծանում է և դառնում է ժողովրդական տոն:
Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն էլ իր հերթին շեշտեց, որ ինչպես նախորդ տարիներին, 7-րդ փառատոնը նույնպես անց է կացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ և օրհնությամբ:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով: Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ. օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, օգոստոսի 30-ին ելույթ կունենան Ջիվան Գասպարյանը և իր ընկերները:
«Ֆրեսկոն» իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: